Հայաստանը Ղարաբաղի հարցում մշտապես պատրաստ է եղել փոխզիջումների, բայց կան կարմիր գծեր, որոնք Հայաստանը երբեք չի անցնի։ «РИА новости»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց են տվել «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության տնօրեն Դմիտրի Կիսելյովին՝ միաժամանակ պատասխանելով հարցերին։
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի համար կարմիր գիծը Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքն է։ «Միշտ, բոլոր ժամանակներում Հայաստանը պատրաստ է եղել փոխզիջումների։ Եվ ամենահայտնին Կազանյան նախաձեռնությունն է, երբ Հայաստանը պատրաստ էր կոնկրետ փոխզիջման։ Բայց Ադրբեջանը հրաժարվեց ստորագրել համաձայնագիրը, քանի որ Ադրբեջանը չէր ուզում ու չի ուզում ընդունել Լեռնային Ղարաբաղի հայության ինքնորոշման իրավունքը։ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունք- սա այն կարմիր գիծն է, որից չենք կարող նահանջել»,– հայտարարել է նա։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 604 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին: Ըստ նախնական համաձայնության՝ հրադադարը հաստատվում է հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան: