Սիրիայի կողմից գրոհայիններին Լեռնային Ղարաբաղ տեղափոխելու ապացույցներ կան․ դա արվել է, քանի որ Ադրբեջանը չի կարող ինքնուրույն պատերազմել այնտեղ, “РИА новости” -ին հայտնել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այդ մասին արդեն ողջ աշխարհն է խոսում։ Սա շատ կարևոր նրբություն է, և կարևոր է նաև այն պատճառով, որ կօգնի հասկանալ, թե ով և ինչ նկատառումներով է սկսել այդ ռազմական գործողությունները։ Իհարկե, կան կոնկրետ ապացույցներ, որ Սիրիայի ահաբեկիչ գրոհայինները մասնակցում են Լեռնային Ղարաբաղի դեմ մարտերին։ Այդ տեսաժապավեններն արդեն հրապարակվել են սոցցանցերում և ԶԼՄ – ներում … դա արդեն ապացուցված է ամբողջ աշխարհում», – հայտարարել է Փաշինյանը “РИА новости” – ին Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների զուգահեռ հարցազրույցի ժամանակ, որը նրանք տվել են հինգշաբթի “Ռոսիա սեգոդնյա” միջազգային լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 604 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին: Ըստ նախնական համաձայնության՝ հրադադարը հաստատվում է հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան: