Ադրբեջանը շարունակում է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը՝ խախտելով միջազգային կոնվենցիաների բոլոր դրույթները։ Այս մասին հայտնում են ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
Հոկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը, հատկապես լուսադեմին, հակառակորդը հրետանու կիրառմամբ ինտենսիվ կրակ է բացել Մարտունի քաղաքի և Կ. Շուկա բնակավայրի, իսկ առավոտյան` Բերդաշեն համայնքի ուղղությամբ։
Հրետակոծվել են Հադրութի շրջանի Տող, Քաշաթաղի շրջանի Տիգրանավան, Այգեհովիտ և Աղավնո բնակավայրերը։
Տուժածների և վնասների մասին տեղեկությունները ճշտվում են։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին, սակայն այն խախտվել է Ադրբեջանի կողմից։