«Թուրքիային բացառելը խաղաղության բանալին է Կովկասում: Շատ հայերի այս պատերազմը հիշեցնում է 105 տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանությունը»,- ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը The Critic պարբերականին տված հարցազրույցում:
Հարցազրույցի նախաբանում լրագրող Կապիլ Կոմիրեդին համառոտ ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում տիրող վիճակը, ընդգծելով, որ այս հակամարտությունը ներուժ ունի աճելու և ներքաշելու մյուսներին: Լրագրողը նշում է, որ Արմեն Սարգսյանն իր խոսքում խոր հիասթափություն է հայտնել հատկապես Իսրայելի հետ կապված, քանի որ այդ երկիրը շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին: Արմեն Սարգսյանը, թեպետ սիրով է խոսել Բրիտանիայի մասին, որտեղ նա եղել է ՀՀ-ի դեսպանը, սակայն հորդորում է այդ երկրի կառավարությանն ու ժողովրդին՝ անհապաղ ուշադրություն դարձնել, թե ինչ է տեղի ունենում Կովկասում: «Եթե Թուրքիան գրավի ողջ տարածաշրջանը, ապա Աստված օգնական բոլորիս»,- նախազգուշացրել է նա:
Հարցազրույցում նախագահը շեշտել է, որ հայերը չեն սկսել պատերազմը: Ադրբեջանն է սկսել` նպատակ ունենալով, ինչպես իրենք են ասում, «ազատագրել» Լեռնային Ղարաբաղը հայերից: Իսկ հիմա էլ չեն պահպանում հայտարարված հրադադարը:
Իսկ ինչո՞ւ է Թուրքիան այստեղ: Արմեն Սարգսյանի դիտարկմամբ՝ նախ Ադրբեջանին դաս տալու համար՝ ասելով, որ նրանք չեք կարող հաղթել, նրանք իրենց կարիքն ունեն այսօր, իրենց կարիքն ունենալու են վաղը և ընդմիշտ: Երկրորդը, դաս տալու հայերին՝ ասելով՝ եթե հույս ունեք կամ ակնկալում եք, որ մենք ճանաչելու ենք ցեղասպանությունը, ապա մոռացեք դրա մասին, մենք այստեղ ենք և շարունակելու ենք այն, ինչ սկսել ենք հարյուր տարի առաջ, մոռացեք առաջին ցեղասպանությունը ճանաչելու մասին:
Մյուս կողմից՝ Թուրքիան հետաքրքրված է նաև Ադրբեջանի բռնազավթմամբ՝ այնտեղ մնալով եղբայրության և այլնի մասին իր կարգախոսներով: Կապ չունի՝ հակամարտությունը կավարտվի՞, թե ոչ, նրանք կմնան այնտեղ՝ հսկայական ազդեցություն գործադրելով Ադրբեջանի վրա: Նրանք կորոշեն Ադրբեջանի ապագան, կվերահսկեն էներգետիկ աղբյուրները Կասպից ծովից մինչև Եվրոպա։
Ինչո՞ւ ՀՀ-ն չի ճանաչել ԼՂ-ն։ Ղարաբաղը մշտապես Հայաստանի մաս է կազմել: Մենք չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղը շատ պարզ պատճառով: Մենք կարող էինք հեշտությամբ ճանաչել Լեռնային Ղարաբաղը 1994 թվականին: Առաջին պատերազմից հետո՝ 1994 թվականին, երբ հայերը հաղթանակ տարան, մենք ազատ էինք ճանաչելու հարցում, և ո՛չ Թուրքիան, ո՛չ Ադրբեջանը չէին կարող դրա դեմ հանդես գալ: Բայց, քանի որ Մինսկի գործընթացը սկսեց խաղաղության շուրջ բանակցությունները, հայկական կողմը որոշեց միակողմանիորեն չճանաչել՝ բանակցությունների հնարավորություն տալով, հանուն խնդրի տևական լուծման: Ճանաչումը կարող էր բարդացնել այս հարցը:
Ի՞նչու է լռում ՆԱՏՕ-ն։ ՀՀ նախագահն իր հիասթափությունն է հայտնել նաև ՆԱՏՕ-ի վերաբերյալ, որը թույլ է տալիս իր անդամ երկրին ներգրավվել երրորդ կողմի հակամարտության մեջ՝ օգտագործելով ՆԱՏՕ-ի ամենաժամանակակից զենքերը՝ F-16-ներ, ԱԹՍ-ներ և ներգրավում զինվորների՝ առանց մանդատի: