Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է հեռախոսազրույցներն իր արտասահմանյան գործընկերների հետ: Այսօր ՀՀ վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ․ հայտնում է վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել Արցախում ընթացող ռազմական գործողությունների և տարածաշրջանում տիրող ընդհանուր իրավիճակի մասին: Զրուցակցի ուշադրությունը հրավիրվել է ռազմական գործողություններում Թուրքիայի կործանարար ներգրավվածության և Հարավային Կովկասում հաստատվելու այդ երկրի անընդունելի նկրտումների վրա:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ռազմական նշանակություն ունեցող ապրանքների Թուրքիա արտահանումը կասեցնելու համար: Ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ազգերի ինքնորոշման իրավունքի անխափան կիրառման սկզբունքային նշանակությունը:
Կանադայի վարչապետը խորը մտահոգություն է արտահայտել ստեղծված իրավիճակով և հույժ կարևորել հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 633 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին: Ըստ նախնական համաձայնության՝ հրադադարը հաստատվում է հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան: