ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Անի Սամսոնյանը նամակով դիմել են ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին։ Այս մասին ֆեյբուքի էջում գրել է «ԲՀԿ» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Պատգամավորները Շարփին կոչ են անում, որպես ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող, օբյեկտիվ գնահատել իրողությունները, չսահմանափակվել միայն դատապարտող կոչերով և ձեռնարկել հրատապ միջոցներ Արցախում հումանիտար աղետը կանխելու նպատակով։ Իսկ ԱԺ-ում Շոմբի Շարփի հետ է հանդիպել իմ քայլական պատգամավոր Արման Եղոյանը և քննարկել Արցախի դեմ սանձազերծած պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը։
Անդրադարձել են նաև պատերազմում Թուրքիայի և նրա կողմից ներգաված ջիհադիստ ահաբեկիչների մասնակցության փաստին։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։ Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին, սակայն այն խախտվել է Ադրբեջանի կողմից։