Վերջին օրերին ադրբեջանական կողմից, տվյալ երկրի ղեկավարի մակարդակով, ակտիվ լուրեր են շրջանառվում տարբեր երկրների օդային տարածքներով դեպի Հայաստանի Հանրապետություն քաղաքացիական ինքնաթիռներով, մաքսանենգ ճանապարհով, իբր զինամթերք տեղափոխելու, ինչպես նաև համանման այլ ոչ հավաստի երևույթների վերաբերյալ: Այս մասին գրում է ԱԱԾ պաշտոնական էջը:
ՀՀ ԱԱԾ-ը պաշտոնապես հերքում է նմանօրինակ ստահոդ և հիվանդ երևակայության արդյունք հանդիսացող տեղեկությունները:
Ըստ ՀՀ ԱԱԾ տրամադրության տակ գտնվող կոնկրետ տվյալների՝ ադրբեջանական կողմը զբաղվում է դեպի իր տարածք զգալի քանակությամբ ռազմամթերք և վարձկան-ահաբեկիչներ գաղտագողի տեղափոխելու նենգ գործելաոճով, որի մասին են վկայում Բաքվի օդանավակայանից, ադրբեջանական «Սիլկ ուեյ» (Silk Way) բեռնափոխադրող ավիաընկերության «Բոինգ-747» և «ԻԼ-76» ինքնաթիռներով, դեպի տարբեր երկրների ռազմական օդանավակայաններ կատարվող և հետադարձ ուղղությամբ իրականացվող չվերթները. օրինակ՝ արձանագրվել է 2020 թվականի հոկտեմբերի 16-ին Բաքվից դեպի Աֆղանստանի Բաղրամի օդանավակայան իրականացվող չվերթը, հոկտեմբերի 17-ին՝ Աֆղանստանի Բաղրամի օդանավակայան– Պակիստանի Լաշկառ գահի օդանավակայան–Բաքու չվերթը: Նույն երթուղին նախատեսված է նաև հոկտեմբերի 18-ին: Նախատեսված են նաև Բաքվից միջանկյալ օդանավակայանով Կանդագարի օդանավակայան ու հետադարձ չվերթները:
Ավելին, նմանատիպ չվերթներ են կատարվելու նաև հոկտեմբերի 19-ից հետո: Ընդ որում, նշված չվերթների մի մասը միջազգային չվացուցակների համակարգում բացակայում են, և որոշ օդանավակայաններ չունեն միջազգային դասակարգում:
Ակնհայտ խոսուն և իրադրության մասին հստակ պատկերացում տվող այս տվյալները փաստում են, որ թուրքա-ադրբեջանա-ահաբեկչական դաշինքն այս գործողություններով փորձում է ընդլայնել ահաբեկիչներ և զինամթերք ներգրավելու աշխարհագրությունը, ինչպես նաև իր այդ չարամիտ գործելաոճը կոծկելու նպատակով սեփական հակաօրինական արարքները վերագրել հայկական կողմին՝ դրանով հանդերձ փորձ կատարելով նաև լարվածություններ ստեղծել միջազգային տարբեր հարաբերություններում: