Հրադադարը չի գործում, որովհետև Ադրբեջանը, ըստ էության, մերժեց դա: Ֆրանսիական Libération թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Չնայած հայտարարությունն ընդունվել է համատեղ, բայց նաև ակնհայտ է, որ Թուրքիան թույլ չի տվել Ադրբեջանին պահպանել հրադադարի պայմանավորվածությունը: Որովհետև դեռ հնարավոր հրադադարի քննարկումների ժամանակ Թուրքիայի նախագահը հրապարակային հայտարարեց, որ հույս ունի, որ Ադրբեջանը չի դադարեցնի ռազմական գործողությունները: Եվ այս համատեքստում կարևոր է ընդգծել, որ առանց Թուրքիայի միջամտության այս պատերազմը չէր սկսի, որովհետև Թուրքիան է Ադրբեջանին քաջալերել հարձակվել: Հարձակմանը մասնակցում են և մասնակցել են թուրքական ստորաբաժանումներ:
Պատերազմական գործողությունների ղեկավարմանը մասնակցում են թուրք բարձրաստիճան զինվորականներ, և Թուրքիան է, որ Սիրիայից վարձկանների և ահաբեկիչների է տեղափոխել Ղարաբաղյան հակամարտության գոտի և նրանց ներգրավել Լեռնային Ղարաբաղի դեմ ձեռնարկված հարձակմանը:
Եվ սա պատահական չէր: Որովհետև այս ամենը պետք է դիտարկել այն քաղաքականության համատեքստում, որ Թուրքիան վարում է, մասնավորապես, Միջերկրական ծովում, Սիրիայում, Իրաքում, Լիբիայում, Հունաստանի, Կիպրոսի հետ հարաբերություններում: Դա ծավալապաշտական և կայսերական քաղաքականություն է: Թուրքիան վերադարձել է Հարավային Կովկաս՝ հայերի ցեղասպանության իր քաղաքականությունը շարունակելու: Եվ դա անում է մեկ շատ կոնկրետ նպատակով, որովհետև Հարավային Կովկասի հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի ճանապարհին՝ շարունակելու էքսպանսիան դեպի հյուսիս, արևելք և հարավ-արևելք»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 633 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին: Ըստ նախնական համաձայնության՝ հրադադարը հաստատվում է հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան: