Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևայի հայտարարությանը, թե հոկտեմբերի 17-ին ձեռք բերված զինադադարի մասին համաձայնությունը չի նշանակում պատերազմի ավարտ: «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակի հայտարարությունը, ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը տվեց հետևյալ պատասխանը.
«Հենց այդ էլ ուզում էինք լսել»:
ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն էլ ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը բարձր է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը և Ֆրանսիայի նախագահի անմիջական ներգրավվածությունը հոկտեմբերի 17-ին մարդասիրական զինադադարի համաձայնությունը ձեռք բերելու գործում: «Մենք ելնում ենք այն ընկալումից, որ այս պայմանավորվածությունը կյանքի է կոչում հոկտեմբերի 10-ի Մոսկվայի համատեղ հայտարարությունը, որով հաստատվել է հրադադար և ընդգծվել կրակի դադարեցման պարամետրերի ներդրման անհրաժեշտությունը: Հրադադարը պետք է լինի կայուն և վերիֆիկացվող»,- ընդգծել է ԱԳՆ խոսնակը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 633 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին: Ըստ նախնական համաձայնության՝ հրադադարը հաստատվում է հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան:
Առաջին հրադադարի հաստատման ձախողված փորձից հետո Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար: