Ժամը 20:30-ի դրությամբ խոցվել է 9 ԱԹՍ, որից 2-ը՝ ՀՀ տարածքում: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Օրվա ընթացքում ակտիվ մարտական գործողությունների ժամանակ Ադրբեջանը դարձյալ կիրառել է օդային հարձակման տարբեր միջոցներ:
ՀՀ ՊՆ ներկայացուցիչը նշեց, որ հրադադարը ոչ մի ուղղությամբ չի պահպանվել. մարտական գործողությունները շարունակվում են թեժ մնալ հարավային ուղղությամբ:
Հովհաննիսյանը փաստեց, որ ունենք հակառակորդի կողմից խոստացված ու չպահպանված հրադադար:
«Բայց մենք ունենք մեկ հայրենիք, և բոլորս ծառայում ենք մեր հայրենիքին: Բոլորս մեր քայլերով պետք է ծառայենք հայրենիքին, մեր հաղթանակին: Հիշենք, որ ծանր պատերազմ է, դժվար մարտեր են: Ունենք վիրավոր և զոհված կին զինծառայողներ», – հավելեց նա:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին: Ըստ նախնական համաձայնության՝ հրադադարը հաստատվում է հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան: Հումանիտար հրադադարը, սակայն ադրբեջանական կողմը խախտել է:
Առաջին հումանիտար հրադադարի հաստատման ձախողված փորձից հետո Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար, որը նույնպես հակառակորդը խախտել է: