Հոկտեմբերի 15-ին Ֆրանսիական Լիմոնե քաղաքի համայնքային խորհուրդը միաձայն քվեարկել է Արցախի անկախության ճանաչման օգտին։ Այս մասին հայտնում են ԱՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Փաստաթուղթը պարունակում է, մասնավորապես, հետևյալ պատգամը․ «Ֆրանսիայի կողմից Արցախի Հանրապետության ճանաչում՝ որպես նրա բնակչության անվտանգության, ինչպես նաև տարածաշրջանի և գլոբալ կայունության գրավական»։
Այսպիսով, Լիմոնեն Ֆրանսիայում երկրորդ քաղաքն է Ալֆորվիլից հետո և առաջինը Օվերն-Ռոն-Ալպ շրջանում, որ ճանաչում է Արցախի անկախությունը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 710 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին: Ըստ նախնական համաձայնության՝ հրադադարը հաստատվում է հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան:
Առաջին հրադադարի հաստատման ձախողված փորձից հետո Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար, որը կրկին խախտվեց թշնամու կողմից: