Հոկտեմբերի 18-ին տեղի ունեցավ Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը. հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Զրուցակիցները քննարկեցին հոկտեմբերի 17-ին հումանիտար զինադադարի շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը:
Նախարար Մնացականյանը, բարձր գնահատելով Ֆրանսիայի և նախագահ Մակրոնի անձնական ներդրումը զինադադարի շուրջ պայմանավորվածության ձեռքբերման գործում, արձանագրեց, որ Ադրբեջանի ռազմական-քաղաքական ղեկավարությունը հերթական անգամ հրաժարվեց իրականացնել իր իսկ կողմից ստանձնած հանձնառությունը և շարունակում է լայնամասշտաբ ռազմական ագրեսիան Արցախի դեմ:
ՀՀ ԱԳ նախարարը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդմանը և հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 710 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին: Ըստ նախնական համաձայնության՝ հրադադարը հաստատվում է հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան:
Առաջին հրադադարի հաստատման ձախողված փորձից հետո Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար, որը կրկին խախտվեց թշնամու կողմից: