ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ է ներկայացվել Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու մասին բանաձև: Բանաձևի հեղինակը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Գրեյս Նապոլիտանոն է:
Բանաձևում նշվում է, որ պատմականորեն հաստատված է, որ Արցախը պատկանել է Հայաստանին։ Տեղեկացվում է, որ Ադրբեջանի, Թուրքիայի ու ահաբեկչական խմբավորումների կողմից Արցախի ռմբակոծությունների ֆոնին, Արցախի անկախության ճանաչումը ոչ միայն կլինի պատմական արդարության հաստատում, այլ այն Արցախի գոյատևման միակ տարբերակն է։
Նշենք, որ ավելի վաղ տարբեր կոնգրեսականներ հանդես էին եկել ի պաշտպանություն Հայաստանի և դատապարտել թուրք-ադրբեջանական տանդեմի գործողությունները: Այսպես, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանը կոչ էր արել պատժամիջոցներ կիրառել, որոնք նախատեսված են «Մագնիցկու գլոբալ օրենքով»՝ Արցախում քաղաքացիական անձանց գնդակոծման համար պատասխանատու ադրբեջանցի պաշտոնյաների դեմ:
Դրունի կոնգրեսական Ջեքի Սփեյերն էլ հայտարարել է, որ մտադիր է ներկայացնել երկկուսակցական բանաձև, որում դատապարտվում է Ադրբեջանի ագրեսիան, Թուրքիայի դերը և կոչ է արվում անհապաղ դադարեցնել կրակը: Նրա տեղեկատվության համաձայն՝ նշված փաստաթուղթը նաև կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբին «ապահովել Ադրբեջանի հետ համաձայնությունը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ հարձակողական ռազմական գործողությունների դադարեցման և շփման գծի երկայնքով երրորդ կողմերի կողմից անկախ դիտարկման համաձայնության մասին»: