Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, թե Անկարան ու Մոսկվան ղարաբաղյան խնդրում ունեն նույն իրավունքները: Էրդողանը նշել է, որ Թուրքիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է, բողոքել, թե եռանախագահ երկրները՝ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Ֆրանսիան, մինչ օրս արդյունքի չեն հասել:
«Ադրբեջանն իրավացի պահանջ է դնում՝ ասելով՝ եթե Հայաստանը Ռուսաստանին է առաջարկում բանակցություններին մասնակցելու համար, ուրեմն մենք էլ Թուրքիային ենք առաջ քաշում: Թուրքիան պետք է ներգրավվի Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններում»,- ասել է Էրդողանը՝ մոռանալով, որ այդ բանակցություններին Ռուսաստանը հենց համանախագահ երկրի կարգավիճակով է մասնակցում:
Թուրքիայի նախագահը պնդել է նաև, թե այս հարցով Ռուսաստանից բացասական կարծիք չի հնչել:
Նշենք, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, օրեր առաջ Հայաստանի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսին, հայտարարել էր, որ Մինսկի խմբի ձևաչափին այլընտրանք չկա: Նաև թե՛ Լավրովը, թե՛ Պուտինը ընդգծել են, որ ղարաբաղյան հակամարտության հարցում Թուրքիայի դիրքորոշման հետ համաձայն չեն:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ։
Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա ավելի քան 950 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին: Ըստ նախնական համաձայնության՝ հրադադարը հաստատվում է հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան:
Առաջին հրադադարի հաստատման ձախողված փորձից հետո Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից կրկին նույն պայմաններով հաստատել մարդասիրական զինադադար, որը կրկին խախտվեց թշնամու կողմից: