Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է, որ այս պահին Ստեփանակերտը ենթարկվում է ագրեսիվ հարձակման։
Նրա խոսքով՝ ադրբեջանական զինված ուժերն արդեն մի քանի ժամ անընդմեջ հարվածում են մայրաքաղաք Ստեփանակերտին։
«Քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ, կան նաև ավերածություններ։ Ստեփանակերտում այս ողջ պատերազմի ընթացքում թերևս ամենաագրեսիվ հարձակման օրն է», – գրել է նա:
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների կոչերով ու նախաձեռնությամբ երեք անգամ հակամարտող կողմերը հրադադարի վերաբերյալ պայմանավորվածություն են ձեռք բերել, սակայն, ադրբեջանական կողմը միշտ այն խախտել է՝ շարունակելով հրթիռակոծել մեր դիրքերը, նաև քաղաքներն ու գյուղերը։