ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը ilur.am կայքի հետ զրույցում պարզաբանել է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանի հայտարարությունն այն մասին, որ ՀՀ առաջին և երկրորդ նախագահները ԼՂ շուրջ իրավիճակը քննարկելու համար Մոսկվա մեկնելու և ռուսական էլիտայի ներկայացուցիչների հետ հանդիպելու ցանկություն են հայտնել։
Արման Մուսինյանը նշել է․ «Հիմա մեր երկիրը գտնվում է պատերազմական բարդ իրադրության մեջ, և ավելորդ տարըմբռնումներից ու շահարկումներից խուսափելու նպատակով, այս հարցին մենք հանգամանալից պարզաբանում կտանք միայն ճգնաժամի ավարտից հետո»։
Հիշեցնենք՝ Մանե Գևորգյանը նշել էր․ «ԼՂՀ երկրորդ եւ երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը հոկտեմբերի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ տեղեկացրել են, որ ՀՀ առաջին եւ երկրորդ նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը ցանկանում են մեկնել Մոսկվա՝ ռուսական էլիտայի ներկայացուցիչների հետ ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու եւ քննարկումների արդյունքում Հայաստանի կառավարությանը ստեղծված իրավիճակից կոնկրետ լուծումներ առաջարկելու համար»,-ասել էր Մանե Գևորգյանը։