ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից հայտնում են, որ վերջինս վարակվել է կորոնավիրուսով և ներկայումս չի կարող մեկնել ՄՈսկվա։
Նշվում է նաև, որ Մոսկվա մեկնելու առաջարկը Ռոբերտ Քոչարյանին արվել է ԼՂՀ 2-րդ և 3-րդ նախագահների կողմից։ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է այդ առաջարկի նպատակահարմարությունը, սակայն երկրից ելքը հայտնի պատճառով փակ էր նրա համար։
«Վարչապետի հետ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի խոսակցությունից հետո դատարանը թույլատրեց նախագահ Քոչարյանին մեկնել երկրից (մինչև նոյեմբերի 7-ը ելքի ժամկետի սահմանափակմամբ) և նրան վերադարձվեց անձնագիրը։
Ռոբերտ Քոչարյանը մտադրված էր մոտակա օրերին մեկնել Մոսկվա և հանձնեց COVID թեստ, ինչը պարտադիր է Ռուսաստանի Դաշնություն մուտքի համար։ Թեստի պատասխանը դրական էր, ինչը լրիվ անսպասելի էր, քանի որ նա չուներ և մինչ այժմ էլ չունի հիվանդության որևէ ախտանիշ։
Ցավոք, ստեղծված իրավիճակում մեկնումը Մոսկվա և տարբեր հանդիպումների կազմակերպումը ժամանակավորապես անհնար է դարձել։
Այժմ նախագահ Քոչարյանը գտնվում է ինքնամեկուսացման մեջ, սակայն անում է իրենից կախված ամեն ինչ, որպեսզի նպաստի Արցախում պատերազմի դադարեցմանը»,-ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը այսօր տեղեկացրել էր․ «ԼՂՀ երկրորդ եւ երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը հոկտեմբերի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ տեղեկացրել են, որ ՀՀ առաջին եւ երկրորդ նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը ցանկանում են մեկնել Մոսկվա՝ ռուսական էլիտայի ներկայացուցիչների հետ ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու եւ քննարկումների արդյունքում Հայաստանի կառավարությանը ստեղծված իրավիճակից կոնկրետ լուծումներ առաջարկելու համար»։