Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում (եկեղեցին հրթիռակոծվել է Ադրբեջանի ուժերի կողմից) ռազմական թիրախ չկա: Այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է եվրոպական լրատվամիջոցներին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, արդյոք Գյանջայում ռմբակոծումը Լեռնային Ղարաբաղի ուժերի կողմից խաթարում է Հայաստանի՝ իր ժողովրդին պաշտպանելու դիրքորոշումը: «Ոչ: Որովհետև հարցն այն է, թե ինչու է Գյանջան հրթիռակոծվել: Իսկ ինչո՞ւ է հրթիռակոծվել Ստեփանակերտը 10 օր շարունակ կամ ավելի երկար: Ինչո՞ւ են հրթիռակոծվել և ռմբակոծվել Մարտակերտը, Ասկերանը, Մարտունին, Շուշին: Ինչո՞ւ է հրթիռակոծվել Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին: Ընդ որում, եթե մեկ արկ ընկած լիներ, մենք կարող էինք համարել, որ պատահականություն է տեղի ունեցել: Բայց երկու անգամ Շուշիի հայկական եկեղեցին ռմբակոծվել է: Ինչի՞ համար է ռմբակոծվել»,- ասել է վարչապետը:
Հարցին՝ արդյոք, պատասխանելով նույնկերպ, չեք թուլացնում Ձեր դիրքորոշումները միջազգային հանրության առաջ, Փաշինյանը պատասխանել է. «Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը Գյանջայում ունեցել է ռազմական թիրախներ և հարվածել է ռազմական թիրախներին: Գուցե այդ ռազմական թիրախների հետ տուժել են նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ: Բայց Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում (եկեղեցին հրթիռակոծվել է Ադրբեջանի ուժերի կողմից – հեղինակի կողմից) ռազմական թիրախ չկա»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ։
Հայկական կողմից, նախնական տվյալներով, զոհվել են 1069 զինծառայողներ և 38 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին: Ըստ նախնական համաձայնության՝ հրադադարը հաստատվում է հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան:
Առաջին հրադադարի հաստատման ձախողված փորձից հետո Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից կրկին նույն պայմաններով հաստատել մարդասիրական զինադադար, որը կրկին խախտվեց թշնամու կողմից:
Հոկտեմբերի 26-ին արդեն ԱՄՆ ջանքերով հայտարարվեց երրորդ զինադադարի հաստատման մասին, որը, ինչպես պարզվեց, կրկին տապալվեց թշնամական գործողությունների արդյունքում։