Ինչքան էլ փորձենք կանխել ֆոսֆորի ազդեցությունը, միևնույն է, այն պայթուցիկ է։ Պաշտպանվել դրանից, ըստ էության, հնարավոր չէ։ Այս մասին «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս»-ի ժամանակ ասաց Պն ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է հնարավոր պաշտպանվել Ֆոսֆորային զինատեսակից։
Որոշ օգտատերերի ուղարկած հարցերն այն մասին, թե ինչու է որոշ տեղերում մարտական հերթափոխն իրականացվում ավելի ուշ կամ չի իրականացվում, Հովհաննիսյանը պատասխանեց․
«Ակտիվ մարտական գործողությունների ժամանակ հերթափոխի սպասելն աբսուրդ է։
Հերթափոխ իրականացնելը տրամաբանական չէ, քանի որ անգամ հոգնած զորքը տեղանքին ավելի լավ է տիրապետում, քան նրան փոխարինողը։ Հերթափոխ իրականացվում է նվազ կարևոր, հնարավորինս հանդարտ տեղամասերում։ Այն իրականացնելու հետևանքով կարող ենք կորցնել և՛ հերթափոխողին, և՛ հերթափոխվողին, և՛ այն դիրքերը, որոնք նրանք պահում են»։
Իսկ ահա գերիների փոխանակման մասին ՊՆ ներկայացուցիչն ասաց․
«Մեր զանգերով ու դիմումներով «ռմբակոծում» ենք միջազգային կառույցները, որպեսզի ինչ-որ ելք հնարավոր լինի գտնել գերիների փոխանակման համար։ Բայց վիճակն այս է․․․
Այնուամենայնիվ, խնդրում եմ մեր լրատվամիջոցներին կեղծ տեքստերով, կոնվենցիաների խախտումներով նկարահանված հայ գերիների տեսանյութերն անընդհատ չպտտեցնել լրատվամիջոցներով։ Դրանից ոչ ոք չի շահի»։
Իսկ թե ինչ անել, որպեսզի սփյուռքից հասած օգնությունը տեղ հասնի՝ ասաց․ «Տվել ենք համապատասխան հեռախոսահամարներ, հասցեներ․․․ Ես չեմ կարող երաշխավորել, որ ամեն ինչ հաստատ տեղ կհասնի։ Դրա համար էլ պետք է օգնությունն իրականացվի ՊՆ, ԱԻՆ միջոցով, այս դեպքում ես կարո՛ղ եմ դա երաշխավորել։ Կա՛ն բարեխիղճ մարդիկ, որոնք մեծ օգնություն են տանում առաջնագիծ, սակայն բոլորը այդպիսին չե՛ն»։
«Ո՞վ կարող է պնդել, որ մենք պատրաստ չէինք այս պատերազմին,- հարցնում է Արծրուն Հովհաննիսյանը,- մենք 10-15 օր կռվել ենք մեզնից տասնապատիկ մեծ, գերժամանակակից սպառազինությամբ տասնյակ տարիներ զինված ուժի դեմ․․․ Ոմանց պատկերացման մեջ 100 տոկոսով պատերազմին պատրաստ լինել նշանակում է մեկ միլիմետր անգամ չզիջել։
ՀՀ և ԱՀ ԶՈւ-ը իրենց խնդիրն իրենց հնարավորության սահմաններում կատարել են 100 ու 1 տոկոսով»։