Գիշերվա ընթացքում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է ճակատային գծի բոլոր ուղղություններում: Թշնամին շարունակել է, բացի պաշտպանության բանակի դիրքերից, հրթիռահրետանային կրակի տակ պահել նաև խաղաղ բնակավայրերը: Քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ: Այս մասին հայտնել է ՊԲ Facebook-ի էջը։
«Կեսգիշերից հետո թշնամական դիվերսիոն խումբը փորձել է հաջողության հասնել Շուշիի ուղղությամբ, սակայն, հանդիպելով բանակային ստորաբաժանումների և կամավորականների կազմակերպված դիմադրությանը և, կրելով մեծաթիվ կորուստներ, հետ է շպրտվել:
Ներկա պահին հայտնաբերված թշնամական խմբի շրջափակման ու ոչնչացման գործողությունները շարունակվում են:
Օպերատիվ-մարտավարական իրադրությունը ճակատային գծի ամբողջ երկայնքով վերահսկում են ՊԲ ստորաբաժանումները»:
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների կոչերով ու նախաձեռնությամբ երեք անգամ հակամարտող կողմերը հրադադարի վերաբերյալ պայմանավորվածություն են ձեռք բերել, սակայն, ադրբեջանական կողմը միշտ այն խախտել է՝ շարունակելով հրթիռակոծել մեր դիրքերը, նաև քաղաքներն ու գյուղերը։