Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը օրերս քրեական գործ ու միջազգային հետախուզում է հայտարարել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի ու Պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի դեմ։
Տպավորություն է ստեղծվում, որ տվյալ երկրի դատախազությունը պարզապես զուրկ է գործ հարուցելու համար առկա հիմքերից ու տրամաբանությունից, կտրված՝ ներկա իրականությունից։ Երբ ամբողջ աշխարհն է խոսում ԼՂ ռազմական գործողություններին Ադրբեջանի կողմից միջազգային ահաբեկիչների ներգրավվածության մասին, այդ երկրում իրադարձությունները ներկայացվում են հակառակ սցենարով․ իբր վարձկանները կռվում են Հայաստանի՛ կողմից։
Ադրբեջանը հիմա էլ քրեական գործ է հարուցել «Ողջ մնալու արվեստը» հայկական ՀԿ հանդեպ՝ այն ներկայացնելով որպես ահաբեկչական խմբավորում։ Բայց 2014 թվականին Վովա Վարդանովի ու իր վետերան ընկերների հիմնած ռազմահայրենասիրական մղումով գործող կառույցը հեռու է այդպիսին լինելուց։ Կազմակերպության դասընթացների համակարգող Անգին Խաչատրյանը ծիծաղելի է համարում իրենց հանդեպ հարուցված քրգործը։ Զավեշտ է առաջացնում նաև ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածված տեսանյութն այն մասին, որ, իբր, հայ անչափահասները սովորում են զենք կիրառել՝ ահաբեկելու ադրբեջանական խաղաղ բնակչությանը։ Մինչդեռ ներկայացրած տեսանյութի աղջիկը՝ Մանեն, իրականում 21 տարեկան է։
Ադրբեջանական ստերին վերջ չկա՛։ Հերթական մի տեսանյութում լրագրողը ներկայացնում է «հայկական ագրեսիայի ապացույց»․ երևում է հրետանային արկ, որն, իբր, սպիտակ ֆոսֆոր է պարունակում։ Այդպիսի տեսանյութերը, տարօրինակ կերպով, հայտնվում են այն ժամանակ, երբ հայկական կողմն իրական ապացույցներ է ներկայացնում միջազգային հանրության ուշադրությանը՝ ֆոսֆորային զենքի կիրառման մասին։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին հայկական կողմը հայտնել է, որ ադրբեջանական զինված ուժերը ԼՂ-ի հակամարտության ռազմական գործողությունների ընթացքում օգտագործում է զանգվածային ոչնչացման ֆոսֆորային զինատեսակ, որը պարունակում է քիմիական զենքի տարրեր։ Սպիտակ ֆոսֆորի օգտագործումն արգելված է 1949 թվականի Ժնևյան կոնվենցիայով, դա միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է։
Ապացույցները համեմատել անգամ հնարավոր չէ․ ադրբեջանական հերթական բեմականացված կադրեր ու սպիտակ ֆոսֆորից այրվող արցախյան հսկայական անտառային տարածքներ։