Պետությունը ռազմական դրության պայմաններում իրավունք ունի որոշակի իրավունքներ սահմանափակել, բայց դրանք պետք է լինեն համաչափ։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Ռազմական դրության ժամանակ կարող են լինել խոսքի ազատության սահմանափակումներ, որով պետությունը կկարողանա ապահովել տեղեկատավական անվտանգությունը։ Դա արվում է նաև քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար։ Բայց այդ սահմանափակումները պետք է լինեն իրավաչափ։ Անգամ ընկալման տեսանկյունից չեն կարող լինել սահմանափակումներ, որոնք անորոշ են, տարակարծությունների տեղիք են տալիս, քանի որ այստեղ խոսքը հատկապես գնում է լրատվամիջոցների, լրագրողների և անհատների համար։ Դրանք պետք է լինեն հստակ, կոնկրետ, թե ո՞ր արարքը ի՞նչ պատասխանատվության կարող է հանգեցնել, դրանք ներկայումս խնդիրներ են առաջացնում նաև ոստիկանության համար»։
Անդրադառնալով խնդրի հետ կապված ոստիկանությանն ուղղված քննադատությանը, Թաթոյանը նշել է, որ այս խնդրի հետ կապված ոստիակնությանը քննադատելն իր համար անարդար է թվում։
«Ոչ միատեսակ պրակտիկա է առաջացել կապված սահմանափակումների հետ։ Ես դիմել եմ ոչ թե զրոյացնելու այդ պահանջները, այլ կոնկրետություն սահմանելու հարցով, որովհետև ինքս եմ գիտակցում, որ ռազմական դրության պայմաններում կարող է լինել տեղեկատվական անվտանգության սահմանափակում, որը լեգիտիմ նպատակ է։ Ես այս սահմանափակումների չեղարկման հարց չեմ բարձրացնում»,-նշել է Թաթոյանը։