ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ գնդապետ Արգամ Գևորգյանը և փոխգնդապետ Դավիթ Հարությունյանը պարգևատրվել են «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով:
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և հմտության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներքոհիշյալ զինծառայողներին պարգևատրել «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով.
Արգամ Ռադիկի ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ թիվ N զորամասի հրամանատար, գնդապետ
Դավիթ Հովհաննեսի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ թիվ N զորամասի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ»,- ասված է նախագահի հրամանագրում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ։
Հայկական կողմից այս պահի դրությամբ զոհվել է 1177 զինծառայող։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։
Մոսկվայում հոկտեմբերի 9-ին 11 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները համաձայնության են եկել 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ին մարդասիրական հրադադարի հաստատելու մասին:
Առաջին հրադադարի հաստատման ձախողված փորձից հետո Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի միջնորդությամբ վերահաստատված պայմանավորվածությունները նույնպես խախտվել են։
Հոկտեմբերի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ մանրամասն ներկայացնելով ԼՂ դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծած իրադրությունը և առաջացած մարտահրավերները: Պատասխան նամակում Պուտինը գրել է, որ ՌԴ-ը ՀՀ-ին կցուցաբերի անհրաժեշտ օգնություն, եթե ռազմական գործողությունները տեղի ունենան անմիջականորեն ՀՀ տարածքում։