Աշնանային արձակուրդներից հետո դասապրոցեսի վերականգնման մի քանի տարբերակ է քննարկվում: Ավելի հավանական տարբերակն այն է, որ տարրական դասարաններում ապահովենք առկա ուսուցում, իսկ միջին և ավագ օղակներում առաջարկում ենք տարբերակված մոտեցում: Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
Նախատեսվում է փոքր համայնքներում կիրառել իրավիճակային լուծում. կորոնավիրուսի վարակվածության 10 և ավելի տոկոսի դեպքում դպրոցը ժամանակավորապես հեռավար կգործի: Մեծ քաղաքներում նախընտրելի է, որպեսզի միջին և ավագ օղակները հեռավար կազմակերպեն դասապրոցեսը:
Ըստ փոխնախարարի՝ հարցը դեռևս քննարկվում է, և առաջիկայում վերջնական որոշում կլինի:
Ինչ վերաբերում է արցախցի երեխաների հեռավար ուսուցման համար տեխնիկական սարքավորումների կարիքներին, ապա նախարարությունը պարզել է, թե մոտավոր քանի սարքավորման կարիք ունեն և ինտենսիվորեն աշխատում են այս կարիքը հասցեագրելու համար:
«Երեխաների թվի աճի հետ կապված որոշ դպրոցներում հնարավոր է ուսուցիչների կարիք զգացվի, և այստեղ նախապատվությունը տրվելու է Արցախից ժամանակավորապես ՀՀ տեղափոխված ուսուցիչներին: ԱՀ-ից ժամանած երեխաները կարող են իրենց կրթությունը շարունակել ուսումնարաններում, քոլեջներում և բուհերում: Խոսքը վերաբերում է ոչ թե տեղափոխմանը, այլ ուսումնառության գործընթացից հետ չմնալուն»,- ասուլիսի ժամանակ նշել է Ժաննա Անդրեասյանը: