«Հայրենիք» զորախումբը, որը բազմաթիվ կամավորագրվածներով մեկնել է Արցախ, հայկական երկրորդ հանրապետության տարբեր շրջաններում մասնակցում է մարտական գործողությունների՝ կատարելով հայրենիքի հանդեպ իր պարտքը։ Այս մասին հայտնել է «Հայրենիք» կուսակցության Facebook-ի էջը։
«Թշնամու դեմ մարտերի ընթացքում զորախմբի մարտիկներից մի քանիսը ստացել են հրազենային և բեկորային վնասվածքներ։ Նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն․ բարեբախտաբար, որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։
Շարունակելու ենք մեզ պարտադրված այս պատերազմը, որի հաղթական ելքն ապահովելու համար որևէ զիջում չի լինելու, չենք ընկրկելու, չենք հուսահատվելու։ Պայքարելու ենք մինչև հաղթանակ»։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների կոչերով ու նախաձեռնությամբ երեք անգամ հակամարտող կողմերը հրադադարի վերաբերյալ պայմանավորվածություն են ձեռք բերել, սակայն, ադրբեջանական կողմը միշտ այն խախտել է՝ շարունակելով հրթիռակոծել մեր դիրքերը, նաև քաղաքներն ու գյուղերը։