Հայաստանի ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Սիրիայի Արաբական Հանրապետության երեք քաղաքացիներ, ազգությամբ արաբներ, որպես վարձկաններ, ներգրավված են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի և Հայաստանի դեմ իրականացվող ռազմական գործողություններում:
«Վարույթն իրականացնող մարմնի կողմից իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում 2020 թվականի նոյեմբերի 6-ին որոշումներ են կայացվել Աբու Սթեֆ ալ–Հինդավիին, Ահմադ ալ-Տայեբին և Աբու Դիաբ Հալաբին ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածով (միջազգային ահաբեկչություն), 34-390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 3-րդ մասի 1-ին կետով (միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ) և 395-րդ հոդվածի 3-րդ մասով (վարձկանություն) որպես մեղադրյալ ներգրավելու մասին»,– նշվում է ՀՀ ՔԿ գերատեսչության հաղորդագրության մեջ:
Որոշում է կայացվել հիշյալ անձանց հետախուզում հայտարարելու մասին, Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան միջնորդություն է ներկայացվել նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ:
Նշենք, որ հայկական կողմի գերության մեջ են գտնվում երկու գրոհայիններ՝ Մոհերաբ Մուհամմադ Ալշհերն ու Յուսեֆ Ալաբետ Ալ Հաջին։ Նրանց մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-390-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (զինված բախումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտումներ) և 395-րդ հոդվածի 3-րդ մասով (վարձկանություն):
Այսօր ТАСС-ին տված հարցազրույցում ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Արցախն այսօր դարձել է դարպաս, որի միջոցով ահաբեկիչները փորձում են հայտնվել աշխարհի տարբեր կետերում, այդ թվում ՝ Ռուսաստանում: