Նոյեմբերի 6-ին և լույս 7-ի գիշերը ճակատային գծի բոլոր հիմնական ուղղություններում մարտական գործողությունները շարունակվել են: Այս մասին հայտնել է ՊԲ-ը:
Առավել համառ ու ինտենսիվ մարտեր են ընթացել Շուշի-Քարին տակ հատվածում: Բանակային ստորաբաժանումները հաջողությամբ կասեցրել են թշնամական ուժերի հարձակման բազմակի փորձերը՝ ոչնչացնելով մեծ քանակությամբ մարդկային ուժ: Նշված ժամանակահատվածում առանձնահատուկ արդյունավետությամբ աչքի են ընկել հատկապես ՊԲ հրետանային ստորաբաժանումները: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը ճակատային գծի բոլոր ուղղություններում մնացել է անփոփոխ: Անփոփոխ է մնացել նաև մարտական գործողություններին զուգահեռ հանրապետության խաղաղ բնակավայրերը հրթիռահրետանային կրակով թիրախավորելու՝ թշնամական ուժերի մարտավարությունը: Հարավ-արևելյան և հարավային ուղղություններում յուրային ուժերի կողմից խոցվել է նաև թշնամական ուժերի անձնակազմ տեղափոխող 2 միավոր ավտոտեխնիկա և 4 ԱԹՍ:
Թշնամական ուժերի կողմից հարձակման փորձերը հիմնական ուղղություններում շարունակվում են: ՊԲ ստորաբաժանումները անհրաժեշտ միջոցառումներ են իրականացնում դրանք կասեցնելու, հակառակորդի խմբավորումների հայտնաբերման և կրակային խոցման ուղղությամբ:
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների կոչերով ու նախաձեռնությամբ երեք անգամ հակամարտող կողմերը հրադադարի վերաբերյալ պայմանավորվածություն են ձեռք բերել, սակայն, ադրբեջանական կողմը միշտ այն խախտել է՝ շարունակելով հրթիռակոծել մեր դիրքերը, նաև քաղաքներն ու գյուղերը։