Ապագայում ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայումը պարտադիր կլինի, «Ուկրաինա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:
Նա կարծիք է հայտնել, որ ադրբեջանական կողմը բացառում է դա, քանի որ կարծում է, որ դրանք առաջ են ընթանում, և խաղաղապահներ պետք չեն։ Նախագահի խոսքով, 26 տարի շարունակ կողմերը զսպվածություն են ցուցաբերել առանց խաղաղապահների, սակայն իրավիճակը փոխվել է, քանի որ ի դեմս Թուրքիայի երրորդ խաղացողն է առաջացել:
«Այդ պատճառով կարծում եմ, որ ապագայում խաղաղապահների տեղակայումն անպայման կլինի։ Թե ով կլինի խաղաղապահներ, կարծում եմ, որ ամենաօպտիմալ տարբերակը Ռուսաստանն է, քանի որ այդ երկիրը նորմալ հարաբերություններ ունի Ադրբեջանի եւ Հայաստանի հետ, համանախագահն է, այն երկրներից մեկը, որը փորձում է կարգավորել խնդիրը, մարտական գործողությունները բերել զինադադարի», – ասել է Սարգսյանը։
Նշենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը The Daily Telegraph թերթին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ռուս խաղաղապահների մուտքը կարող է դառնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության օպտիմալ լուծումը: Նա հավելել է, որ խնդիրն այն է, որ բախումների գոտում ՌԴ-ից խաղաղապահ ուժերի տեղակայումը պետք է հավանության արժանանա հակամարտության բոլոր կողմերի կողմից:
Մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը, որը հանդես է եկել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայության օգտին, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ընդգծել է, որ «ցանկացած խաղաղապահներ հակամարտության գոտի են մտցվում բացառապես երկու կողմերի համաձայնությամբ»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ։
Հայկական կողմից այս պահի դրությամբ զոհվել է 1177 զինծառայող։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 53 զոհ ու 148 վիրավոր։
Մոսկվայում հոկտեմբերի 9-ին 11 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները համաձայնության են եկել 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ին մարդասիրական հրադադարի հաստատելու մասին:
Առաջին հրադադարի հաստատման ձախողված փորձից հետո Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի միջնորդությամբ վերահաստատված պայմանավորվածությունները նույնպես խախտվել են։
Հոկտեմբերի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ մանրամասն ներկայացնելով ԼՂ դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծած իրադրությունը և առաջացած մարտահրավերները: Պատասխան նամակում Պուտինը գրել է, որ ՌԴ-ը ՀՀ-ին կցուցաբերի անհրաժեշտ օգնություն, եթե ռազմական գործողությունները տեղի ունենան անմիջականորեն ՀՀ տարածքում։