«Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ընդամենն օրեր առաջ էր եղել Բաքվում: Եվ հենց ինքն էր նշել, որ հաջորդը մոտ օրերս Ադրբեջան կայցելի իրենց պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը: Սակայն Ալիևի կողմից Շուշիի մասին արած անժամանակ հայտարարությունից հետո Բաքու միաժամանակ այցելում են Թուրքիայի ինչպես պաշտպանության, այնպես էլ արտաքին գործերի նախարարները: Սա իր մեջ պարունակում է երկու ուղերձ»-այս մասին Facebook-յան իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«Նախ, Անկարան դեմոնստրատիվ ցուցադրում է աշխարհին, որ Բաքու գալ-գնալն իր վեզիրների համար նույնն է, ինչպես մայրաքաղաքից իրենց վիլայեթներից մեկը գնալը և սուլթանի հրովարտակները տեղ հասցնելը: Ավելի պարզ ասած՝ ցուցադրվում է, որ Ադրբեջանն այլևս իրենց կողմից գրավված տարածք է, իսկ Իլհամի կողմից պաշտոնական ընդունելության արարողակարգային հանգամանքներն ընդամենն ինքնիշխանության սենտիմենտալ ձևականություններ են:
Երկրորդ, Էրդողանն ադրբեջանական վիլայեթ ուղարկելով իր երկու հավատարիմ և գաղափարակից մարդկանց, որոնք նաև զբաղեցնում են Թուրքիայի արտաքին քաղաքականության ողնաշարը կազմող երկու առանցքային կառույցների՝ ԱԳՆ-ի և ՊՆ-ի ղեկավարների պաշտոնները, կոնկրետ ուղղությամբ հստակ ուղերձ է հղում առ այն, որ Շուշիի, այսպես կոչված, «գրավումն» իրենց համար խորհրդանշում է ոչ միայն Ադրբեջանը որպես իր քաղաքական հեռահար նպատակների պլացդարմը դառնալը, այլ նաև՝ Հարավային Կովկաս իր «տրիումֆալ» ներխուժման ու ազդեցության հաստատումը՝ անկախ այս ռեգիոնում եղանակ ստեղծող դերակատարների ցանկություններից ու տրամադրություններից: Հետևաբար իր հետ հարավկովկասյան օրակարգերում հաշվի չնստել այլևս չեք կարող»,-այս մասին գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Նա նշում է, որ Էրդողանն, ըստ էության, հայտնվել է Ալիևի ֆեյքնյուզային թակարդում և ակնհայտորեն շտապել է այս դեմոնստրացիոն ուղերձները հղելու հարցում: «Այդ մասին ասում է Շուշիում թշնամու առաջխաղացումը կանգնեցնող հայ զինվորը»,-ընդգծել է Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ։
Հայկական կողմից այս պահի դրությամբ զոհվել է 1177 զինծառայող։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 53 զոհ ու 148 վիրավոր։
Մոսկվայում հոկտեմբերի 9-ին 11 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները համաձայնության են եկել 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ին մարդասիրական հրադադարի հաստատելու մասին:
Առաջին հրադադարի հաստատման ձախողված փորձից հետո Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի միջնորդությամբ վերահաստատված պայմանավորվածությունները նույնպես խախտվել են։
Հոկտեմբերի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ մանրամասն ներկայացնելով ԼՂ դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծած իրադրությունը և առաջացած մարտահրավերները: Պատասխան նամակում Պուտինը գրել է, որ ՌԴ-ը ՀՀ-ին կցուցաբերի անհրաժեշտ օգնություն, եթե ռազմական գործողությունները տեղի ունենան անմիջականորեն ՀՀ տարածքում։