Այսօր իմ կյանքի ամենավատ օրն էր՝ մեղքի, արժանապատվության ու այլ սուր զգացողություններով։ Այս մասին Facebook-յան իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։
«Անցած 44-օրյա մղձավանջի պատճառներն ու հանգամանքները մանրամասն պետք է վերլուծվեն ու հետևություններ արվեն հետագա հաջողությունների համար:
Առիթ կլինի ավելի սթափ գլխով անդրադառնալ անցյալին ու ապագային, սակայն նշեմ, որ անկախ մարդու իրավունքների կեղծ միջազգային օրակարգի հանդեպ իմ մեծ հիասթափությունից, ես շարունակելու եմ իմ պայքարը արցախցիների իրավունքների պաշտպանության նպատակով՝ թե՛ ներքին և թե՛ արտաքին ուղղություններով: Ավելին, անտարակույս, ընտանիքիս հետ շարունակելու եմ բնակվել ու արարել իմ հայրենի հողում: Մեր սերունդը մեծ պարտքեր ունի տալու մեր նախորդ ու հաջորդ սերունդներին:
Խելացի, համատեղ ու հետևողական ջանքերի միջոցով կարելի է հասնել ցանկացած նպատակի, առավել ևս, երբ այն ազնիվ ու արդար է…»,- գրել է նա։
Նշենք, որ երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ ՌԴ-ն, Ադրբեջանը և Հայաստանը Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել:
Իր հերթին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01:00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել:
«Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ և մեր ժողովրդի համար: Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է: Այս ամենի մասին առաջիկա օրերին հանդես կգամ մանրամասն ուղերձով»,- ասել է նա: