ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ hեռախոսազրույցի ժամանակ քննարկել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում եւ Սիրիայում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնել են ՌԴ ՊՆ-ից։
«Ռուսաստանի եւ Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը եւ կարծիքներ են փոխանակել Սիրիայում իրադրության կայունացման շուրջ»,- ասել են ռուսական ռազմական գերատեսչությունում:
Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համատեղ հայտարարություն են ստորագրել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին: Ինչպես մասնավորապես հայտնել Է Ռուսաստանի նախագահը, ադրբեջանական եւ հայկական կողմերը կանգ են առնում գրավյալ դիրքերում, իսկ տարածաշրջանում կտեղակայվեն ռուս խաղաղապահներ:
Ընդհանուր առմամբ, ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահ զորակազմի տեղակայման համար կպահանջվի 1 960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային եւ Հատուկ տեխնիկա:
ՌԴ Պաշտպանության նախարարության տվյալներով՝ զորակազմի հիմքը կկազմեն Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) ստորաբաժանումները: Ինչպես ճշտել են գերատեսչությունում, ռազմական գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածությունների պահպանման վերահսկողության համար ռուսական դիտակետեր կտեղակայվեն Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով եւ Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը միացնող Լաչինի միջանցքի երկայնքով: Խաղաղապահ գործողության հրամանատարությունը տեղակայվելու է Ստեփանակերտի շրջանում։