Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ համաձայնագիրը պետք է ընկալվի որպես կայացած իրողություն՝ այս պահին գնահատելով առնվազն այն կարևոր փաստը, որ դրա շնորհիվ պատերազմն ավարտվել է, և նոր զոհեր այլևս չեն լինի: Համաձայնագրի իրականացման և Ղարաբաղի հարցի վերջնական լուծման գործընթացը մոտ ապագայի խնդիր է, որին Հայաստանը պետք է պատրաստ լինի ամենայն լրջությամբ:
Այս մասին iLur.am-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։
«Հայ Ազգային Կոնգրեսի երեկվա հայտարարությունը թե՛ գործող իշխանության, և թե՛ խայտաբղետ արմատական ընդդիմության ճամբարում շատերին մոլորության մեջ է գցել այն առումով, թե իբր մենք դրանով սատարում ենք նշված ճամբարներից որևէ մեկին: Ակնհայտորեն իշխանության համար մղվող առկա պայքարում մենք ոչ մասնակից, ոչ էլ կողմ ենք: Մեզ մտահոգողը միայնումիայն մեկն է՝ խուսափել քաղաքացիական պատերազմից և առկա ճգնաժամը հաղթահարել բացառապես սահմանադրական ճանապարհով` անկախ նրանից, թե առճակատող ճամբարներից որ մեկը կլուծի նշված խնդիրը: Առավել ցանկալի տարբերակն, իհարկե, այդ երկու կողմերի ողջախոհ փոխհամաձայնությունն է»,-հայտարարել է Առաջին նախագահը: