Ադրբեջանը Հայաստանին լրացուցիչ 10 օր է տվել Քարվաճառի շրջանից բնակչությանը դուրս բերելու համար, կիրակի օրը հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:
«Հայկական կողմի մոտ առաջացած բարդությունների և մարդասիրության սկզբունքներից ելնելով՝ Ադրբեջանը որոշել է լրացուցիչ տասն օր տալ Հայաստանին Քելբաջարի շրջանից զինված ուժերի և խաղաղ բնակչության դուրսբերման համար՝ հետաձգելով մինչև նոյեմբերի 25-ը», – հայտարարել է Հաջիևը հեռուստատեսությամբ հեռարձակվող ճեպազրույցի ժամանակ:
Նրա խոսքով՝ հայկական կողմը Ռուսաստանի միջոցով լրացուցիչ ժամանակ տրամադրելու խնդրանքով է դիմել։ Բարդությունները կապված են այն նրա հետ, որ Քելբաջարի շրջանից Հայաստան է տանում միայն մեկ ճանապարհ՝ սահմանափակ թողունակությամբ, ինչպես նաև առաջացել են բարդ եղանակային պայմաններ։
Ադրբեջանի Աղդամի և Լաչինի շրջանների հանձնման ժամկետները մնում են նույնը՝ նոյեմբերի 20-ին և դեկտեմբերի 1-ին, նշել է Հաջիևը:
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ Հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ, որի տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։