Հանդիպել ենք ԶՈւ գլխավոր շտաբի պետի հետ, որն ասել է, որ պետք է առնվազն 7 օր զերծ մնալ ներքաղաքական ցնցումներից, որպեսզի Բանակն իր խնդիրները լուծի․ խոսքն այն մասին է, որ բանակը պետք է իր տեղերում դասավորվի, անընդհատ ռուսական զորքեր են գալիս, և պետք է երկրի ներսը հանգիստ պահել այդ իմաստով։ Այս մասին Հանրային ՀԸ «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման ընթացքում հայտարարել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու ԼՀԿ-ն չմիացավ ընդդիմադիր 17 կուսակցությունների հայտարարությանը։
«Մենք փորձել ենք քաղաքական պրոցեսները Ազգային ժողով բերել։ «Իմ քայլը» չի եկել և պրոցեսներ չեն եղել։ ԳՇ պետն ասել է, որ ռազմական դրության ևս 7 օր է պետք բանակի գործողությունների համար, և ԼՀԿ-ն որևէ ակցիայի չի միացել, հայտարարություն, ցույց և այլն։ Ես կարծում եմ, որ ԳՇ պետը նույն բանն ասել է նաև մյուս կուսակցություններին», ասել է Է․Մարուքյանը։
Նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությունն արդեն իրողություն է, ասել է ԼՀԿ նախագահը՝ ի պատասխան «հայտնի հայտարարությունում ինչ-որ բան հնարավո՞ր է փոխել» հարցին։
«Դա բանակցված փաստաթուղթ չի, ուղղակի տվել են, ասել են՝ ստորագրեք։ Այն չեղյալ անելը կարող է նշանակել ամբողջ պրոցեսի ռեվերս անելը և նորից հետ գալ պատերազմի, իսկ մենք, գոնե ԼՀԿ-ն․․․ Երբ ես հոկտեմբերի 6-ին, 7-ին հետ եմ եկել Արցախից, ասել եմ, որ պետք է անհապաղ հրավիրվի ԱԽ նիստ, մինչև այդ էլ հայտարարություններով ասել եմ, որ պետք է պատերազմը դադարեցվի։ Հետո վարչապետը հրավիրել է ԱԽ ընդլայնված նիստ և ներկայացրել վիճակը։ Ես՝ Էդմոն Մարուքյանս, ասում եմ, որ փաստաթուղթը բարելավել հնարավոր չէ։ Այս փաստաթուղթը խայտառակություն է, թե ոնց ենք դրան հասել, հանձնաժողով կստեղծվի, կքննի, կպարզի», ասել է նա։
Վարչապետն, ըստ Է․Մարուքյանի, պարտության խորհրդանիշն է և այս հարցով նա այլևս չի կարող բանակցել, նա պետք է հեռանա, հետո պետք է ձևավորվի անցումային կառավարություն, մինչև նոր ընտրություններ։
«Երկիրը հումանիտար աեղտի մեջ է, անցումային կառավարությունը պետք է երկիրը հանի այս վիճակից և անցկացնի նոր ընտրություններ։ Իսկ կառավարությունը չի աշխատում, Քարվաճառից եկող մարդկանց խնդիրներով հիմա ո՞վ է զբաղվում, մարդիկ մեզ են զանգում ու հարցնում՝ ձեր կուսակցությունը կարող է՞ մեծ բեռնատար էլ ունենա, ասում ենք՝ պետությունը պետք է դա անի»,-պատմել է ԼՀԿ նախագահը։
Նոր ընտրությունները հիմա անցկացնելու նպատակահարմարության վերաբերյալ Է․Մարուքյանն ասել է, որ հենց հիմա քաղաքում զինված խմբավորումներ կան, որոնք ավտոմատներ և հրազենի այլ տեսակներ ունեն, մի մասը վարչապետի կողմնակիցներն են, մյուսը՝ ընդդիմության։ Այս պայմաններում, ըստ նրա, ընտրություններ հնարավոր չեն։
«Հիմա պետք է վարչապետի կոնսենսուսային թեկնածու։ Նույն հանրապետականն ինչպե՞ս ընտրեց Փաշինյանին, եթե չընտրեր՝ այնպիսի ցնցումների մեջ կարող էինք ընկնել, չգիտեմ, նույնիսկ պատերազմ կարող էր սկսվել։ Ով ունի իմաստնություն՝ կգնա այդ ճանապարհով, ով չունի՝ երկիրը կգնա ցնցումների», նշել է Էդմոն Մարուքյանը։
ԼՀԿ նախագահն ասել է, որ ԼՀԿ-ն սահմանադրական ճանապարհից այլ լուծումների չի գնալու։
«Անհրաժեշտ են հետևողական քայլեր․ երկիրը կայունացնել, հասարակությունը համախմբել, զինված խմբերը զինաթափել, պատրաստվել նոր ընտրությունների։ Անհրաժեշտ է դոնորների համաժողով, որովհետև մեկ միլիարդ դոլար է պետք հումանիտար աղետից դուրս գալու համար։ Հիմա դեռ չենք զգում, բայց դրությունը ծանր է։ Ոչ ոք չի ուզում վատ լուր ասի, մենք ասում ենք՝ ընկնում անեծքների տակ», պնդել է Էդմոն Մարուքյանը։
Ըստ Է․Մարուքյանի՝ հիմա իշխանությունը չի գործում և չի տիրապետում իրավիճակին։
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ Հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ, որի տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։