Նոյեմբերի 16-ին հեռախոսազրույց է կայացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջև: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Հաշվի առնելով Ռուսաստանի և Ֆրանսիայի համանախագահությունը ԵԱՀԿ Մինսկի խմբում՝ հանգամանորեն քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակը: Պուտինը տեղեկացրել է ռուսական կողմի նախաձեռնած ակտիվ միջնորդական ջանքերի մասին, որոնք թույլ են տվել կանգնեցնել արյունահեղությունը և խուսափել նոր զոհերից, ինչպես նաև շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքում ռուս խաղաղապահ զորախմբի տեղակայման մասին: Ընդգծվել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունը իրագործվում է, իրավիճակը տարածաշրջանում, ընդհանուր առմամբ, կայունացել է»,- ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ղեկավարները պատրաստակամություն են հայտնել համակարգել աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գծով և ընդգծել են անհետաձգելի հումանիտար հարցերի լուծման կարևորությունը, այդ թվում՝ փախստականների՝ մշտական բնակության վայրեր վերադարձի, բնակիչների բնականոն կենսագործունեության համար անհրաժեշտ պայմանների ապահովման և ենթակառուցվածքների վերականգնման ու քրիստոնեական տաճարների ու վանքերի պահպանման:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն: