Կառավարության այսօրվա ընդունած որոշման համաձայն, միանվագ դրամական աջակցություն կտրամադրվի պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող արցախցիներին, որոնք ունեն Արցախի հաշվառում: Այս մասին գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սիրելի արցախցիներ, արցախից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված յուրաքանչյուր անձի կտրամադրվի 68000-ական դրամի չափով ֆինանսական աջակցություն։ Երեխաներին ևս աջակցություն կտրամադրվի, եթե ծնողը կամ ծնողներից մեկը համարվի այս ծրագրի շահառու:
Եթե քաղաքացին Հայաստանի Հանրապետությունում չունի սեփական անշարժ գույք, ապա կտրամադրվի լրացուցիչ աջակցություն՝ 15000 դրամի չափով»,-գրել է նա:
Վարչապետը գրել է նաև, որ աջակցությունը կտրամադրվի նաև այն դեպքում, եթե քաղաքացին արդեն վերադարձել է Արցախ։
«Աջակցություն ստանալու համար դիմումները կընդունվեն նոյեմբերի 23-ից: Դիմում հնարավոր է լինելու ներկայացնել նաև էլեկտրոնային տարբերակով: Առաջիկա օրերին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կներկայացնի աջակցության տրամադրման կարգը և մանրամասները:
Սիրելի արցախցիներ, վստահեցնում եմ, որ Հայաստանի կառավարությունը Արցախի Հանրապետության կառավարության հետ անելու է ամեն ինչ՝ ձեր հետագա կյանքի անվտանգությունն ապահովելու, Արցախը ոտքի կանգնեցնելու, վերականգնելու և առաջընթացի ու հույսի նոր ուղու վրա դնելու համար։
Սոցիալական աջակցության ծրագրերը կշարունակվեն Արցախում»,- գրել է վարչապետը։
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ Հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ, որի տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։