Փախստականների հերթական շարասյունը ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Երևանից վերադարձել է Ստեփանակերտ: Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնել են Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունից։
«2020 թվականի նոյեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 482 փախստական», – նշել են ռազմական գերատեսչությունում:
Ինչպես մանրամասնել են ՌԴ ՊՆ-ից՝ 19 ավտոբուսներից բաղկացած շարասյունը մեկնել է Երևան – Ստեփանակերտ երթուղով՝ ռուսական խաղաղապահ զորախմբի և ռազմական ոստիկանության պարեկների ուղեկցությամբ: «Փախստականների վերադարձի անվտանգության և շփման գծով խաղաղ բնակիչների տեղափոխման անվտանգության ապահովումը իրենց տներ վերադառնալու համար կազմակերպվել է հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի ղեկավարության և վերահսկողության ներքո», – ընդգծել են գերատեսչությունում:
Ընդհանուր առմամբ մեկ շաբաթվա ընթացքում Ստեփանակերտ են վերադարձել ավելի քան 1 200 բնակիչներ, որոնք ավելի վաղ լքել էին իրենց տները։
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ Հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ, որի տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։