ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, սենատոր Բոբ Մենենդեսը Միացյալ Նահանգների իշխանություններին կոչ են անում 250 միլիոն դոլար հումանիտար աջակցություն ցուցաբերել Հայաստանին և Արցախին, ակտիվ կերպով ներգրավվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում բանակցություններին ԼՂ հակամարտության կարգավորման հարցի շուրջ, արձագանքել Թուրքիայի և Ադրբեջանի դրսևորած ագրեսիային: Այս մասին փոխանցում է Asbarez-ը։
«Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիան հումանիտար հսկայական ճգնաժամի է հանգեցրել, որին արձագանքելու անհրաժեշտություն կա, հատկապես` համավարակի վատթարացման պայմաններում: Պատմականորեն ու կրոնական տեսանկյունից կարևոր քաղաք Շուշին այժմ Ադրբեջանի ձեռքում է, և քրիստոնեական մի շարք սրբավայրերի անվտանգության ապահովման պատասխանատվությունն այժմ Ալիևի և Էրդողանի վրա է»,- հայտարարել է Մենենդեսը:
Սենատորը շեշտել է`Ալիևի և Էրդողանի հրահրած դաժան հակամարտության հետևանքով տուժած հայերն այժմ ապրելու են ռուս խաղաղապահների ապահոված անվտանգության պայմաններում, իսկ խաղաղապահների տեղակայման վերաբերյալ համաձայնությունն անդրադարձ չի կատարում ոչ Թուրքիայի կողմից ուղարկված ջիհադիստներին, որոնք ևս հանցագործություններ են կատարել քրիստոնյա հայերի նկատմամբ, ոչ Արցախի կարգավիճակին, ոչ էլ երաշխիքներ է տրամադրում Ադրբեջանի կողմից հետագա նման քայլերից զերծ մնալու վերաբերյալ:
«Զեկույցներ են ստացվում այս պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից ԱՄՆ-ի ցուցաբերած ռազմական աջակցության կիրառման վերաբերյալ, ուստի անհրաժեշտ է ուսումնասիրել այդ զեկույցներում առկա տեղեկատվությունն ու արձագանքել ԱՄՆ օրենսդրության խախտումներին: Կանադան դադարեցրել է ռազմական սարքավորումների վաճառքը Թուրքիային, իսկ վերջինը, ներգրավված լինելով այս հակամարտությունում, անհուսալի դաշնակից է ՆԱՏՕ-ում` այն ոչ ժողովրդավարություն ունի, ոչ էլ` պատասխանատվություն միջազգային հանրության առաջ: Առանց համարժեք պատասխանի Թուրքիան շարունակելու է այս ապակառուցողական քաղաքականությունն ու ագրեսիան: Կոչ եմ անում Բայդենի ապագա վարչակազմին կանգնեցնել Էրդողանին և այդ հարցում միանալ եվրոպական պետությունների ջանքերին»,- ասել է Մենենդեսը։