Ֆրանսիայի հայկական հիմնադրամը, «Ազնավուր» հիմնադրամը եւ ՀԲԸՄ Ֆրանսիան հայտարարում են Հայաստանին ու Արցախին մարդասիրական օգնությունը համակարգող հանձնախմբի ստեղծման մասին։ Այս մասին գրում է Aznavourfoundation-ը։
Հինգշաբթի՝ նոյեմբերի 12-ին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում ընդունել է բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչներին` հաստատելու Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին եւ Արցախին հրադադարի հաստատումից հետո:
Հանդիպման ընթացքում բոլոր հյուրերը կարեւորել են Արցախի Հանրապետության ճանաչումը՝ որպես տեւական խաղաղություն հաստատելու եւ իր նախնիների հողում հայ ժողովրդի անվտանգությունն ապահովելու առհավատչյա: Նրանք նշել են նաեւ Արցախում մշակութային եւ կրոնական ժառանգության պահպանման հրատապության մասին, ինչպես նաեւ կարեւորել Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմինների հետ սերտ համագործակցությունը մարդասիրական օգնության տրամադրման հարցում:
Հանդիպման ավարտին Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարությանը կից ճգնաժամերի հաղթահարման եւ աջակցության կենտրոնի հետ միասին կազմավորվել է աշխատանքային խումբ` սատարելու Հայաստանին աջակցող բարեգործական կազմակերպությունների նախաձեռնությունները: