2020 թվականի նոյեմբերի 17-ին Նիդեռլանդների խորհրդարանը ընդունեց 5 որոշում Արցախի վերաբերյալ։ Նիդեռլանդների Հայ Դատի գրասենյակը ստորև
ներկայացնում է կարճ բացատրություն ընդունված որոշումների մասին։
Երկու որոշում պատժամիջոցների մասին էին (Որոշումներ թիվ 33-ը և թիվ 35-ը) ։ Որոշում թիվ 33-ը, որը ներկայացրել էր Քրիստոնեա- Ժողովրդավարական Միության (CDA) անդամ Մարտեյն Վան Հելվերտը, հայցում է պատժամիջոցներ իրականացնել նախագահ Ալիևի, նրա ընտանիքի անդամների, ինչպես նաև մի քանի կարևոր անձնանց նկատմամբ պատերազմական օրենքների և մարդու իրավունքների խախտումների կապակցությամբ։ Որոշում թիվ 35-ը, որը առաջարկել էր Ընկերվար Կուսակցության (SP) անդամ Սադեթ Կարաբուլութը, հայցում է անձնական պատժամիջոցներ Ադրբեջանի և Թուրքիայի պաշտոնատար անձանց նկատմամբ Արցախում իրագործած բռնությունների պատճառով։
Թիվ 45 որոշումը տարբեր կուսակցությունների անդամներ՝ Ֆորդևինդի, Վան Հելվերտի, Շուրդսմայի և Կոոպմանսի ներկայացրած առաջարկությունն էր, որը վերաբերում է Թուրքիային զենք մատակարարելուն, քանի որ նա դերակատարություն ունի տարածաշրջանի տարբեր հակամարտությունների մեջ, այդ թվում նաև Արցախում։ Կառավարությունից հայցվում է Եվրամիությունում աշխատանք տանել՝ հետևելու Թուրքիային զենքի տրամադրմանը, որը նրա կողմից կարող է կիրառվել տարբեր ռազմական հակամարտությունների մեջ, մասնավորապես, Արցախում, Լիբիայում և Սիրիայում։
Որոշումներ 31-ը և 42-ը վերաբերում են համաձայնագրի իրագործմանը և հետագա ճակատագրին։ Թիվ 31 որոշումը, որն ընդունվեց Վան Հելվերտի առաջարկությամբ, որին աջակցեցին նաև Ֆորդևինդը և Շուրդսման, հայցում է Եվրամիությունում աշխատանքներ տանել, որպեսզի ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի և Եվրամիության անկախ դիտորդներ ուղարկվեն Արցախ։ Պատգամավորներ Պլումենի, Կարաբուլութի և Օյեկի ներկայացրած առաջարկության հիման վրա ընդունված որոշումը հայցում է համակողմանի հետազոտություն իրականացնել, թե ինչպես կարելի է ապահովել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի հսկողությունը խաղաղության համաձայնագրի իրագործման վրա։