«ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը անդադար ստուգում, ուսումնասիրում և վերլուծում է տարատեսակ տեղեկատվություն՝ այդ թվում ղարաբաղյան հակամարտության գոտում թուրքական հետախուզական ծառայությունների կողմից իրականցված գործողությունների մասով՝ հարցի հետ կապված ռազմավարական նշանակության ճշգրիտ որոշումներ կայացնելու նպատակով»,- «Հայկական ժամանակի» հարցմանն ի պատասխան հայտնել են ՌԴ արտաքին հետախուզության ծառայության մամուլի ծառայությունից:
Հարցին, թե արդյո՞ք ՌԴ արտաքին հետախուզության ծառայության կողմից տարվում են որոշակի կոնկրետ քայլեր՝ տարածաշրջանը այդ խմբավորումներից մաքրելու ուղղությամբ, գերատեսչության մամուլի ծառայությունից ՀԺ-ին պատասխանել են, որ անվտանգության ոլորտում Ռուսաստանի Դաշնության կողմից տարվող քաղաքականության հաջող ընթացքի նպատակով՝ ՌԴ արտաքին հետախուզական ծառայության կողմից տարվող աշխատանքները ոչ միշտ են ենթակա հանրայնացման:
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ Հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ, որի տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։