Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքում մնացած ավտոմեքենաների հարցերով պետք է դիմել ԱՀ ոստիկանություն։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱՀ Ոստիկանությունը։
«Հարգելի՛ հայրենակիցներ, 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության նկատմամբ պարտադրված պատերազմի ընթացքում բնակչության մի մասն իրենց անվամբ գրանցված կամ վերջիններիս կողմից շահագործվող տրանսպորտային միջոցներն իրենց կամքից անկախ հանգամանքներում թողել են այն տարածքներում, որոնք այսօր գտնվում են Ադրբեջանի Հանրապետության տիրապետության տակ»,-նշված է ԱՀ Ոստիկանության հայտարարության մեջ։
Արցախի Հանրապետության ճանապարհային ոստիկանությունն իրազեկում է բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձանց տրանսպորտային միջոցների հետ կապված հարցերի պարզաբանման նպատակով, հնարավորինս սեղմ ժամկետներում դիմել ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանություն։
«Առավել մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել 04794-55-99 հեռախոսահամարին»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ Հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ, որի տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։