Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին հայտարարությունը վերջակետ է դնում բազմամյա հակամարտությանը։ Այս մասին նոյեմբերի 21-ին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հայտնում է Известия-ն:
«Զինված դիմակայությունից, մարտական գործողություններից 44 օր անց փաստաթուղթ է ստորագրվել։ Ես այդ փաստաթուղթը շատ կարևոր եմ համարում, կարևորության առումով այն վերջակետ է դնում բազմամյա դիմակայությանը։ Ձեզ, այդ թվում ՝ Ռուսաստանի ղեկավարությանը, մասնավորապես՝ նախագահ Վլադիմիր Պուտինին, շնորհակալություն եմ հայտնում այդ կարևոր փաստաթղթի պատրաստման և ընդունման համար»,— հայտարարել Է Ալիևը։
Նա ողջունել է Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ առաքելության ծավալումը և դա համարել իրավիճակի կայունացման կարևոր գործոն։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի համար Ռուսաստանն ու Թուրքիան բարեկամական երկրներ են։
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ Հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ, որի տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։