Սակրավորական խմբերը շարունակում են հետպատերազմական Արցախը դարձնել առավել անվտանգ: Այս մասին հայտնում են Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
Չպայթած ռումբերի և ականների որոնման, միաժամանակ դրանց վնասազերծման գործընթացը շարունակվում է Ստեփանակերտում և բոլոր բնակավայրերում:
ԱՀ ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում սեպտեմբերի 27-ից մինչև այսօր պայթուցիկ նյութերի վերաբերյալ ստացվել է երկու հազարից ավելի ահազանգ: Դրանց մեծ մասն արդեն պայթած վիճակում է եղել և որևէ վտանգ չէր ներկայացրել:
Ընդհանուր առմամբ ԱԻ պետական ծառայության սակրավորական ջոկատները վնասազերծել են 870 կասետային, հրթիռային և հարվածային ռումբեր, ինչպես նաև ականանետի ականներ:
Ցանկացած պայթուցիկ նյութ նկատելու դեպքում, խնդրում ենք ձեռք չտալ, եթե անգամ վստահ եք, որ այն վտանգավոր չէ: