ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը դիմում է պատերազմում վիրավորում ստացած զինծառայողներին՝ հաշմանդամության կարգ ձեռք բերելու համար դիմել ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի սոցաջակցության բաժին։
«Սիրելի՛ հայրենակիցներ
Դիմում ենք բոլոր այն զինծառայողներին և կամավորականներին, ովքեր սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի ընթացքում ստացել են ծանր վիրավորում, այդ թվում՝ ունեն անդամահատում։
Խնդրում ենք այդ մասին հիվանդանոցային համապատասխան տեղեկագրով ներկայանալ ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի սոցաջակցության բաժին՝ հաշմանդամության կարգի և ընթացիկ այլ հարցերի վերաբերյալ համապատասխան աշխատանքները կազմակերպելու նպատակով»,- ասված է ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ Հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ, որի տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։