Նոյեմբերի 24-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ։
ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը շնորհավորել է իր գործընկերոջը ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ։ Երկուստեք կարևորվել է հայ-ամերիկյան սերտ համագործակցության պահպանումը:
Երկուստեք կարևորվել է հայ-ամերիկյան սերտ համագործակցության պահպանումը:
Ըստ հաղորդագրության՝ հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ։ Այս համատեքստում նախարար Այվազյանը շնորհակալություն հայտնեց ամերիկյան կողմից ցուցաբերվող աջակցության համար՝ ընդգծելով միջազգային համապատասխան կառույցների տեղում ներգրավվածության կարևորությունը:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է տեղահանված արցախահայության հայրենիք վերադարձի համար պայմանների ապահովման և արցախահայության իրավունքների պահպանման ու վերականգնման ուղղությամբ քայլերի ձեռնարկման հրատապությունը:
Նախարար Այվազյանը և պետքարտուղարի տեղակալ Բիգանը կարևորել են ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրների սերտ համագործակցությունը հակամարտությունից տուժած անձանց շահերի լիարժեք հասցեագրման գործում։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել են հայտարարություն, որում հայտարարվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00: 00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին: Ադրբեջանն ու Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում։
Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը կապող միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ: Կատարվում է ռազմագերիների, այլ պահվող անձանց և զոհվածների դիակների փոխանակում: Վերաբացվում են տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԱԾ Սահմանապահ ծառայության մարմինները: