ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին ընդառաջ դեկտեմբերի 1-ին տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստը՝ տեսակապի ձևաչափով։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության՝ նիստի օրակարգում էին ՀԱՊԿ գործունեության արդյունավետության բարձրացման և կազմակերպության շրջանակում փոխգործակցության խորացման, կազմակերպության պաշտպանական բաղադրիչի ամրապնդման հարցեր: Մտքեր են փոխանակվել նաև միջազգային կազմակերպությունների հետ ՀԱՊԿ համագործակցության ամրապնդման և գործընկերային կապերի հաստատման շուրջ:
Իր խոսքում նախարար Այվազյանը շնորհավորել է Ռուսաստանի իր գործընկերոջը ՀԱՊԿ-ում արդյունավետ նախագահության համար և նշել կազմակերպությունում Տաջիկստանի առաջիկա նախագահության առաջնահերթությունների իրագործմանն աջակցելու Հայաստանի պատրաստակամության մասին:
Իր ելույթում ՀՀ ԱԳ նախարար Այվազյանը հանգամանալից անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին, դրա հետևանքներին ու տարածաշրջանային զարգացումներին: Նախարարն առանձահատուկ ընդգծել է ադրբեջանական կողմի գործողություններում Թուրքիայի անմիջական մասնակցությունը և վերջինի կողմից Սիրիայի` թուրքական ուժերի վերահսկվողության ներքո գտնվող շրջաններից և Լիբիայից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղափոխումն Ադրբեջան Արցախի դեմ ռազմական գործողություններին ներգրավելու համար:
ՀԱՊԿ օրակարգում կարևոր տեղ զբաղեցնող օտարերկրյա զինյալ ահաբեկիչներին առնչվող հարցի համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը գործընկերների ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի՝ կովկասյան տարածաշրջանում միջազգային ահաբեկչության օջախ ձևավորելու քայլերի վրա, ինչը հղի է ահաբեկչության վտանգը մեր տարածաշրջանի այլ երկրներ ու հարևան տարածաշրջաններ տեղափոխելու հնարավորությամբ:
Նախարար Այվազյանն անդրադարձել է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ԼՂ հակամարտության գոտում հրադադարի հաստատմանն ու Արցախում ռուս խաղաղապահների տեղակայմանը՝ հավելելով, որ դաշնակիցների կողմից ակնկալվում է աջակցություն ՌԴ ջանքերին, ինչպես նաև խաղաղ գործընթացին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:
Ադրբեջանի ագրեսիայի հետևանքների հաղթահարման առումով, որպես առաջնահերթ քայլ, նախարար Այվազյանը նշել է հումանիտար խնդիրների հասցեագրումը, այդ թվում՝ ռազմագերիների և պատանդների, ինչպես նաև դիերի հրատապ կերպով փոխանակման, անհետ կորածների վերաբերյալ տվյալների ճշգրտման կարևորությունը․ «Չնայած հայտարարության մեջ համապատասխան դրույթի առկայությանը՝ մինչ օրս Ադրբեջանը չի շտապում ցուցադրել այն կյանքի կոչելու պատրաստակամություն»:
Հավանության են արժանացել նաև ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի կատարելագործմանը միտված մի շարք փաստաթղթերի նախագծեր, այդ թվում՝ ՀԱՊԿ զորքերի (հավաքական ուժերի) համատեղ նյութատեխնիկական և բժշկական ապահովման մասին համաձայնագրի նախագիծը, 2021-2025 թթ․ ՀԱՊԿ անդամ պետությունների հակաթմրանյութային ռազմավարության նախագիծը և այլ փաստաթղթերի նախագծեր։