Ադրբեջանական ուժերը փորձել են հայկական կողմի նկատմամբ ճնշում գործադրել՝ Հին Շեն տանող ճանապարհի վրա հենակետ դնելով, սակայն ռուսական խաղաղապահ զորակազմի միջամտության արդյունքում այսօր հաջողվել է ճանապարհից հեռացնել ադրբեջանական հենակետը և ապաշրջափակել ՀԻն Շենը։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
Նա նշել է, որ համայնքում այս պահին գտնվում են ինչպես Պաշտպանության բանակի ներկայացուցիչներ, այնպես էլ ռուս խաղաղապահներ՝ ապահովելով ինչպես համայնքի բնակիչների անվտանգությունն, այնպես էլ խաղաղ ու անարգել անցուդարձը։
Նշենք, որ համացանցում տեղեկություններ էին տարածվել, որ ադրբեջանցիները Շուշիի շրջանի Հին Շեն, Մեծ Շեն, Եղծահող համայնքների ուղղությամբ առաջ են եկել ու պահանջում են գյուղացիներից լքել իրենց տները։
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների, ինչպես նաև Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն, ս. թ. նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով ժամը 00: 00-ից հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:
Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման և ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը:
Ռուսական զորակազմի հիմքը կազմում են Կենտրոնական ռազմական օկրուգի 15 առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) ստորաբաժանումները: