Շուշիի Բերդաձորի ենթաշրջանի գյուղերը՝ Հին Շենը, Մեծ Շենը, Եղծահողն այս գիշեր ադրբեջանական շրջափակումից դուրս են բերվել և դեռ հայկական կողմի վերահսկողության տակ են։
Այս մասին Armenia Today-ին հայտնեց Մեծ Շենի գյուղապետ Դավիթ Դավթյանը և հստակեցրեց, թե ինչու է ասում՝ «դեռ»։ Գյուղապետի խոսքով՝ այս գյուղերի ճակատագիրը անորոշ է և չգիտեն՝ իրենց առաջիկայում ինչ է սպասվում։
Ադրբեջանական ուժերը փորձել են հայկական կողմի նկատմամբ ճնշում գործադրել՝ Հին Շեն տանող ճանապարհի վրա հենակետ դնելով, սակայն, ռուսական խաղաղապահ զորակազմի միջամտության արդյունքում հաջողվել է ճանապարհից հեռացնել ադրբեջանական հենակետը և «ազատել» Հին Շենը։
Իսկ դա հեշտ չի եղել։ 4 օր շարունակ թշնամու հետ բանակցելուց հետո է միայն հաջողվել ադրբեջանական կողմին հետ մղել։
«Գյուղեր, բարեբախտաբար, չեն մտել։ Մեծ Շենից Հին Շեն տանող ճանապարհը փակել են։ Հին Շենը շրջափակվել էր։ 3 օր կապ չենք ունեցել նրանց հետ։ Այս գիշեր արդեն ճանապարհը բաց է»,- մանրամասնեց նա։
Այդ օրերին լրատվամիջոցներում տեղեկություններ ու տեսանյութեր հայտնվեցին, ըստ որոնց՝ հայկական կողմից գերեվարվածներ կան։
Դավիթ Դավթյանը պնդում է, որ գերիների մասին տեղեկություններ չունի։ Գիտի, որ հայական գյուղերի շրջափակման հատվածներում գերիներ չենք ունեցել, մնացածից տեղյակ չէ։
Սպասողական վիճակում հայտնված գյուղացիների վախը սրտներում է, որ մի օր էլ ինչպես Հադրութի Հին Թաղերն ու Խծաբերդը, իրենց գյուղերն էլ կարող են թշնամուն հանձնվել։
«Մենք չգիտենք, կարող է այս հողերն էլ հանձնեն ըստ պայմանավորվածության, եթե նման որոշում կա։ Մենք տեղյակ չենք, ինչպես միշտ ժողովրդին վերջին պահին են ասում, որ այդ հողերը հանձնած են։ Վերևները միշտ խաբում են, ճիշտ չեն ասում»,- նկատեց գյուղապետը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ հակառակորդը, կրկին խախտելով պայմանավորվածությունը, Շուշիի Հին Շեն, Մեծ Շեն, Եղծահող գյուղերի ուղղությամբ առաջացել էր։
Հիշեցնենք նաև, որ Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանի տեղեկացմամբ՝ պաշտպանության բանակը գերիների վերաբերյալ տեղեկությունները չի հաստատել ու նաև չի բացառել, որ ադրբեջանական աղբյուրներն այդ լուրերը տարածում են լրացուցիչ լարվածություն ստեղծելու համար։