Ավելի քան 41 հազար փախստականներ են վերադարձել Լեռնային Ղարաբաղի իրենց տները տարածաշրջանում ռազմական գործողությունների դադարեցման պահից ի վեր:
Վերջին մեկ օրվա ընթացքում Երևանից Ստեփանակերտ է ժամանել 457 մարդ: ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել են ՌԴ Պաշտպանության նախարարությունից։
«Ռուս խաղաղապահները շուրջօրյա դիտարկում են անցկացնում հրադադարի ռեժիմի պահպանման շուրջ եւ վերահսկում են հրադադարի ռեժիմի պահպանումը քսաներեք դիտակետերում։ Ընդհանուր առմամբ՝ Լեռնային Ղարաբաղ մշտական բնակության վայր է վերադարձել ավելի քան 41 հազար փախստական», – նշել են ռազմական գերատեսչությունում։
ՊՆ-ից հայտնել են, որ ռուս խաղաղապահները Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ վերադարձող փախստականներով ավտոբուսների հերթական շարասյունն են ուղեկցել: Խաղաղապահ զորակազմի զինծառայողները ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, մարդասիրական օգնություն են ցուցաբերում, վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները:
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների, ինչպես նաև Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն, ս. թ. նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ից հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:
Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման և ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը:
Ռուսական զորակազմի հիմքը կազմում են Կենտրոնական ռազմական օկրուգի 15 առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) ստորաբաժանումները: